Ֆրանսիայի դատախազությունը Թուլուզում դպրոցականների սպանությունը որակել է որպես ահաբեկչություն, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի վայր է ժամանել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին` կրթության նախարար Լյուկ Շատելի եւ երկրի գլխավոր րաբբի Ժիլ Բերնհեյմի ուղեկցությամբ:
Ֆրանսիայի նախագահի երեք թեկնածուներից ցենտրիստ Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը չեղյալ են համարել իրենց նախընտրական ընթացիկ միջոցառումները` կապված այդ միջադեպի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:
Թուլուզում հրեական դպրոցի երեք աշակերտների եւ եւ ուսուցչի սպանությունը դատապարտել են Եվրահանձնաժողովը եւ մի շարք եվրոպական կառույցներ: Նրանք բոլորն իրենց ցավակցություններն են հայտնել զոհերի հարազատներին ու մտերիմներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ֆրանսիական Թուլուզում, այսօր` մարտի 19-ի առավոտյան, մոլագարը հրեական դպրոցի մուտքի մոտ կոտորած է կազմակերպել: Սկուտերով տեղաշարժվող չարագործի գնդակից չորս մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ:
Դատախազ Միշել Վալեն հաղորդել է, որ հարձակման զոհ են դարձել երեք, վեց եւ տասը տարեկան երեխաներ, ինչպես նաեւ քոլեջի 30-ամյա ուսուցիչը: Դատախազի խոսքով` մի շարք հանգամանքներ թույլ են տալիս լրջորեն խոսել այս դեպքի եւ ավելի վաղ զինվորականների վրա կատարված հարձակման հնարավոր կապի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























