Կատակերգակ դերասան Ջեֆ Ռեգսդեյլը չի ակնկալել, որ հոկտեմբերին Նյու Յորքում փակցրած իր մենակության մասին հայտարարությունը նման քանակությամբ արձագանքներ կստանա: Դերասանը կարծել է, որ կարձագանքի 10 մարդ, սակայն ներկայիս դրությամբ Ռեգսդեյլն ստացել է ավելի քան 65 հազար հեռախոսազանգ եւ հաղորդագրություններ աշխարհի տարբեր երկրների մարդկանցից` Կանադայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Սաուդյան Արաբիայից եւ նույնիսկ Իրաքից:
«Եթե որեւէ մեկն ուզում է ինչ-որ բանի մասին խոսել, զանգեք ինձ: Միայնակ Ջեֆ», -գրված է եղել փակցված թերթիկներում: Ներքեւում նշված է եղել դերասանի հեռախոսահամարը:
Ըստ Ջեֆի` նրան զանգել եւ հաղորդագրություններ են ուղարկել միանգամայն տարբեր մարդիկ: Նյու Յորքի բնակչուհին նույնպես խոստովանել է իր միայնության մասին եւ առաջարկել է զբոսնելու գնալ: Ինչ-որ տղամարդ Ջեֆից խորհուրդ է խնդրել, թե ինչպիսի վայրում ավելի լավ կլինի բնակարան գնել, ներդրողային բանկիրը պատմել է այն մասին, թե ինչպես են նրա գրասենյակի պատուհանների տակ բողոքի ակցիա անցկացնում «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցները, իսկ 15-ամյա աղջնակն իր ուրախությունն է հայտնել, որ իրեն կատու են նվիրել, հայտնում է «Վեստին»:
Ջեֆ Ռեգսդեյլը պատմել է, որ ինչ-որ մեկը լուսանկարել է իր հաղորդագրությունը եւ այն տեղադրել համացանցում, որից հետո իրեն սկսել են դիմել օրվա մեջ առնվազն հազարավոր մարդիկ: Նա ձայնագրել է բոլոր տեղի ունեցած խոսակցությունները եւ ստացված հաղորդագրությունները եւ դրանք միավորել յուրօրինակ հիշողությունների մեջ` «Միայնակ Ջեֆ» անվանմամբ, որոնք վաճառքի կհանվեն:




























