Հայաստանում  մոտ ապագայում սոցիալական քարտեր տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ակտիվացման աշխատանքներ կկատարվեն:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց   «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, համապատասխան աշխատանքը նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ:

Նրա խոսքով` Երեւանի կենտրոնական գրասենյակը ընթացիկ շաբաթվանից կրկին աշխատում է մինչեւ  17.00-ն (նախորդ շաբաթ տեխնիկական պատճառներով աշխատանքն ավարտվել էր 14:30):   Հայաստանում սոցիալական քարտեր տրամադրվում են սոցիալական ծառայությունների ավելի քան հարյուր ստորաբաժանումներում:

Երեւանում սկզբունքորեն պարտադիր չէ գնալ կենտրոնական գրասենյակ, բայց գործնականում տարածքային ստորաբաժանումներից քաղաքացիներին ուղարկում են հենց այնտեղ, ինչը, բնականաբար, հարուցում է բնակիչների դժգոհությունը. Նախ, գլխավոր գրասենյակը մայրաքաղաքի կենտրոնում չէ, երկրորդ, հարկավոր է երկար հերթ կանգնել: Տարածքային ստորաբաժանումներում, նշենք, կարելի է ստանալ քարտի պատճենը, իսկ բնօրինակի համար, այնուամենայնիվ, հարկավոր է գնալ կենտրոնական գրասենյակ:

Մեկնաբանելով տվյալ իրավիճակը`  Հայկ Չոբանյանը նշել է, որ հերթեր, իրոք, գոյանում են, սակայն ծառայության աշխատակիցները ջանում են ավելի արագ աշխատել: «Օրինակ, երեկ 3 ժամում սպասարկել են  600 մարդու», - հաղորդել է Չոբանյանը: Կենտրոնի տնօրենի խոսքով` հերթերից կարելի է խուսափել նախապես համացանցում գրանցվելով:

Ի պատասխան այն առարկությանը, որ համակարգը երբեմն խաթարվում է եւ պարզվում է, որ հայտը չի ընդունվել, Հայկ Չոբանյանը համոզմունք հայտնեց, որ մեծամասամբ քաղաքացիներն են մեղավոր, ճիշտ չեն գրանցվում: Իսկ եթե քաղաքացին հայտը ճիշտ է լրացնում, այլեւս ստիպված չի լինում հերթ կանգնել: