ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականներում անուններն անփոփոխ կլինեն, իսկ մյուս մասերում փոփոխություններ կլինեն, որոնք սակայն էականորեն չեն ազդի ամբողջ ցուցակի վրա: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այս անգամ ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակը նախկինից տարբերվում է նրանով, որ նրանում ընդգրկվել է 250 մարդու անուն` բոլոր ոլորտներից: «Կարելի է ասել, որ այն ներկայացնում է ամբողջ Հայաստանը»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ բնական է, որ բոլորը չեն հայտնվի խորհրդարանում, քանի որ խորհրդարանում ընդամենը 131 տեղ կա, հետեւաբար նման մեծ ցուցակ ներկայացնելն իրենց դիմանկարն է, որով ցանկանում են հասարակությանը ցույց տալ, թե ինչ մարդկային ռեսուրս ունի ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է այդ ցուցակի անցողիկ մասին, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ գործող պատգամավորները հիմնականում կլինեն խորհրդարանում, եւ եթե նրանցից որեւէ մեկը առաջին 100-յակից հետո է, դա դեռ չի նշանակում, որ նա չի անցնելու:

Արձագանքելով մամուլի այն հրապարկումներին, ըստ որոնց, օրինակ, Վազգեն Կարխանյանին բավական հետին հորիզոնականում են տեղ հատկացրել, Ռ. Զոհրաբյանն ասաց, որ Կարախանյանն իր արժանի տեղն ունի ՀՀԿ-ի եւ հայ պատմության մեջ եւ այնպես չէ, որ գնահատված չէ: «Հետին հորիզոնականներում ընդգրկվելը չի նշանակում, որ նա չի լինի գալիք խորհրդարանում»,- ընդգծեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի