Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Սիրիայի ահաբեկչություններն ուղղված են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելության ձախողմանը:
Նա նկատել է, որ այժմ Քոֆի Անանի առաքելությունը, որին բոլորը կողմ էին, համենայն դեպս` խոսքերով, սկսում է հայտնվել շատ բարդ, առավելագույն կենտրոնացում եւ գործուն աջակցություն պահանջող մի գործընթացում, սկսվել է դեպքերի մի շարք, որոնք բնավ չեն նպաստում տվյալ առաքելության հաջողությանը: «Ես արդեն չեմ խոսում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի են ունեցել եւ Դամասկոսում, եւ Հալեպում, եւ այլ քաղաքներում. դա ակնհայտ սադրանք է` ուղղված Անանի առաքելության ձախողմանը», - ասել է Լավրովը, հաղորդում է «Վզգլյադը»:
Նախարարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը պնդում է հրապարակել Քոֆի Անանի առաջարկները Սիրիայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ:
«Առաջին հերթին անհրաժեշտ է հրատարակել այդ առաջարկները», - ավելի վաղ մարտի 20-ին Լիբանանի արտգործնախարար Ադան Մանսուրի հետ բանակցություններում ասել էր Լավրովը:
«Երկրորդ. անհրաժեշտ է, որպեսզի Անվտանգության խորհուրդը հավանություն տա դրանց ոչ թե իբրեւ վերջնագիր, այլ հաշվի առնի շարունակական աշխատանքը եւ դրանց հավանություն տա իբրեւ Քոֆի Անանի գործադրելիք ջանքերի հիմք` բոլոր սիրիացիների միջեւ առկա բոլոր հարցերում համերաշխության հաստատելու նպատակով», - հավելել է Լավրովը:




























