Սիրիայի ռազմական պատասխանատու աղբյուրը հերքել է մի քանի լրատվամիջոցների տարածած  լուրը հատուկ նշանակության ստորաբաժանումներով ռուսական  ռազմանավերի` սիրիական Տարտուս նավահանգիստ ժամանելու մասին` դրանք անվանելով սուտ եւ անհիմն:

Սիրիական պետական տեղեկատվական  «ՍԱՆԱ» գործակալությանը աղբյուրը հայտնել է, որ տվյալ ապատեղեկատվությունը հակասիրիական գործողության մի մաս է, որն իրականացնում են ընդդիմադիր խմբավորումները եւ նրանց աջակցող արեւմտյան ուժերը` Սիրիայի ներքին գործերին անմիջական ռազմական միջամտության իրենց նկրտումներն արդարացնելու համար:

Ավելի վաղ արեւմտյան մամուլում հայտնված`  Սեւծովյան նավահանգստի ծովային բանակի հարձակողական ստորաբաժանման  կազմից հատուկ նշանակության ջոկատի խմբով ռուսական «Իման» տանկերի Տարտուս ժամանելու մասին հաղորդագրությունը կտրականապես հերքվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից:  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Սիրիայի ափերի մոտ առաջադրանք կատարող  ռուսական ոչ մի ռազմանավ չկա:

Տարտուս սիրիական նավահանգստում 10 օր գտնվել է օժանդակ նավ`«Իման» տանկերը, որի նպատակը Ադենի ծովածոցում ծովահենների հարձակումներից  նավարկության անվտանգությունն ապահովագրելու, ինչպես նաեւ  Սեւծովյան եւ Հյուսիսային նավահանգիստների նավերի թիկունքային պաշտպանության խնդիրներն են` վառելիքի եւ մթերքի պահուստների ապահովմամբ»: