Հայաստանի Ազգային Ժողովը հետաձգել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը: Այսօր` մարտի 20-ին պետք է կայանար օրինագծի քվեարկությունը երկրորդ ընթերցմամբ, սակայն քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է խնդրել` քվորումն ապահովելու համար: Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվում է:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 1-ին 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաեւ նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: Օրինագիծը հակասահմանադրական էր համարել նաեւ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: