Ֆրանսիական բոլոր դպրոցներում մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 19-ին Թուլուզի հրեական դպրոցում սպանված երեխաների հիշատակը: Մեկ րոպե լռությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.00 -ին (երեւանյան ժամանակով` 14.00-ին):
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, նախագահ Նիկոլա Սարկոզին փարիզյան դպրոցում ներկա է գտնվել սգո արարողությանը, որը գտնվում է Հոլոքոստի զոհերի հուշահամալիրի մոտ: Նա ասել է աշակերտներին, որ սպանված երեխաներն իրենց նման երեխաներ են եղել, եւ որ հարձակումը կարող էր տեղի ունենալ ցանկացած տեղ: Նախագահական ընտրություններում Սարկոզիի գլխավոր հակառակորդը` Ֆրանսուա Օլանդը, նույնպես այցելել է փարիզի մերձակայքում գտնվող դպրոցներից մեկը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ի առավոտյան սկուտերով անհայտ անձը սպանել էր հրեական դպրոցի երեք երեխաների եւ մեկ մեծահասակի: Դրանից ավելիի վաղ Ֆրանսիայի հարավում` Թուլուզում եւ Մոնտոբանում, նույն զենքից սպանվել էին երեք զինվորականներ: Նրանց վրա կրակողը նույնպես սկուտերով է եղել, որն էլ թույլ է տալիս հանցագործություններն իրար կապել:
Մարտի 19-ի երեկոյան փարիզցիները լուռ երթով հարգել են սպանվածների հիշատակը: Նիկոլա Սարկոզին պահանջել է գործադրել բոլոր ուժերը հանցագործին բռնելու համար: Սպանությունների պատճառով Ֆրանսիայի հարավում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան:


























