Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը բացարձակապես նորմալ է ընդունել ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնելու հանգամանքը: Ավելին, առաջընթաց է տեսնում: Այսօր մարտի 20-ին, ԱԺ-ում կայացած ճեպազրույցում Նիկոյանը նշել է, թե չի վիրավորվում, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարն է: «Ընդհակառակը, առաջադիմել եմ: Հիշում եք, ես խորհրդարան եմ անցել 24-րդ համարով, եթե ես հիմա 5-րդն եմ, շատ ավելի լավ»,- ասել է Նիկոյանը:
Նիկոյանը նաեւ նորմալ է գնահատում ՀՀԿ համամասնական ընտրացուցակում մի շարք անձանց, այդ թվում` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ընդգրկմանը: Ըստ Նիկոյանի, գեներալը լինելու է պատգամավոր եւ աշխատելու է բոլորի հետ հավասար:
ԱԺ նախագահը նաեւ հրաժարվել է մեկնաբանություններ անել խորհրդարանական ընտրությունների ելքի մասին` նշելով, թե ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:




























