Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նպատակահարմար չի համարել այսօր` մարտի 20-ին, քվեարկության դնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
ԱԺ-ում կայացած ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ օրինագիծը չի դրվել քվեարկության, Նիկոյանը նշել է. «Իսկ ո՞վ է ասել, որ օրինագիծը պետք է դրվեր քվեարկության»:
Ըստ Նիկոյանի, ԱԺ նախագահն ինքն է որոշում քննարկվող ու քվեարկության դրվող հարցերի հաջորդականությունը, իսկ այժմ «նպատակահարմար չի գտել օրինագիծը դնել քվեարկության»: Համենայն դեպս, Նիկոյանը վաղ առավոտյան օրինագիծը կդնի քվեարկության:
Նիկոյանը նաեւ խոստովանեց, որ որոշումը կայացրել է` հաշվի առնելով նիստերի դահլիճում պատգամավորների թիվը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի Ազգային Ժողովը հետաձգել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը: Այսօր` մարտի 20-ին պետք է կայանար օրինագծի քվեարկությունը երկրորդ ընթերցմամբ, սակայն քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է խնդրել` քվորումն ապահովելու համար: Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվում է:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ, ընդունվել էր մարտի 1-ին 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաեւ նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: Օրինագիծը հակասահմանադրական էր համարել նաեւ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:




























