Ղրղըզստանում ձյունահոսքի տակ երեք երեխա է մնացել: 2000, 2004 եւ 2006 թվականին ծնված տղաները մարտի 18-ին դուրս են եկել տնից եւ ուղեւորվել արոտավայր` ձիուն որոնելու, սակայն չեն վերադարձել:
Նրանց մարմինները հայտնաբերվել են Ղրղըզստանի ԱԻԾ-ի փրկարարների կողմից` մարտի 20-ի երկրորդ կեսին, հայտնում է Kabar.kg-ը:
Հանրապետության ԱԻԾ-ում հայտնել են, որ երեխաները թողնվել են պապի խնամքի ներքո, երբ ծնողները աշխատելու են մեկնել երկրի մայրաքաղաք: Մարտի 18-ի առավոտյան նա մեծ տղաներին ուղարկել է կորած ձիուն որոնելու, իսկ 5-ամյա երեխան գնացել է եղբայրների հետեւից ինքնակամ:
Վերջին երկու օրերին հանրապետությունում շուրջ տասնյակ ձնակույտեր են գլորվել, որոնք արգելափակել են երկրի բարձրլեռնային մի քանի ավտոմայրուղիներ: Ձնահոսքերի զոհերի քանակն այդ ժամանակահատվածում կազմել է 7 մարդ:


























