Ռուսական «Լեւադա» կենտրոնը յուրատեսակ հարցում է անցկացրել, որի մասնակիցները ռուս քաղաքական գործիչներին համեմատել են Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի» հեքիաթի հերոսների հետ:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է Պապա-Կառլոյի դերը (ձայների 20 տոկոսը): Նույն դերը տվել են նաեւ ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովին (հարցվածների 13 տոկոսը): 11 տոկոսը կոմունիստին համեմատել է ատաղձագործ Ջուզեպպեի հետ (երկրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ջուզեպպեի դերը նրան տվել է հարցվածների 9 տոկոսը):

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին հարցվածների 22 տոկոսը նույնացրել է Կարաբաս-Բարաբասի, 18 տոկոսը` Դուրեմարի, իսկ 11 տոկոսը համեմատել է Առլեկինոյի հետ: Բուրատինոյի դերում գլխավոր թեկնածուն Դմիտրի Մեդվեդեւն է (11 տոկոս) եւ Միխայիլ Պրոխորովը (9 տոկոս), գրում է «Նովիյե Իզվեստիա»-ն:

«Սպրավիդլիվայա Ռոսիա»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը որպես Բազիլիո կատու հավաքել է ձայների 8 տոկոսը: «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին դարձել է Պիեռոյի դերի գլխավոր թեկնածուն` առաջ անցնելով Մեդվեդեւից (համապատասխանաբար 8 եւ 7 տոկոս):