Երկիրը համատեղ կառավարելու չորս տարվա ընթացքում «Օրինաց երկիրը» ցույց է տվել, որ նրան կարելի է վստահել: Այս մասին մարտի 20 -ին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

«Իր հիմնադրման օրվանից «Օրինաց երկիրը»  քաղաքական ծանրակշիռ հայտ է ներկայացրել, որն իրականացրել է` մտնելով խորհրդարան: Երկրի համար ծանր շրջանում «Օրինաց երկիրը» կարողացել է իր ներդրումն ունենալ պետության զարգացման գործում: Երկրի համատեղ կառավարման չորս տարիների ընթացքում դուք ցույց տվեցիք, որ «Օրինաց երկիրը» կուսակցություն է, որին կարելի է վստահել: Ես դարձյալ համոզվեցի դրանում: Դա շատ գնահատելի հատկանիշ է:

Քաղաքականության մեջ մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց համոզմունքները: Սակայն դուք կարողացաք ցույց տալ, որ քաղաքականությունը  բարոյականություն է: Իսկ բարոյականությունը մշտական որակ է. հնարավոր չէ երկուշաբթի բարոյական լինել, երեքշաբթի` անբարո: Եւ  առաջիկա խնդիրները, չեմ կասկածում, դուք կարող եք պատվով կատարել»,- ավելացրեց նախագահը:

Նշենք, որ «Օրինաց երկիրը» կառավարող կոալիցիայի մաս է կազմում: