Թուլուզում սպանված րաբիի եւ «Օզար Հաթորա» հրեական դպրոցում սովորող երեք  աշակերտների մարմիններն ինքնաթիռով Իսրայել կտեղափոխեն, որտեղ նրանք կհուղարկավորվեն:

Մինչդեռ հրեական եւ մահմեդական համայնքների ներկայացուցիչները մարտի 25-ին Փարիզում կանցկացնեն լուռ երթ` սկուտերով մարդասպանի զոհերի հիշատակին, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ֆրանսիայում սգո օր էր, երկիրը սգում էր Թուլուզում հրեական դպրոցի հարձակման զոհերին: Ուսումնական հաստատության մոտ մարդիկ տանում էին ծաղիկներ եւ մանկական խաղալիքներ:

Մարտի 19-ի առավոտյան անհայտ անձը կրակոցներ էր արձակել ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական ուսումնական հաստատություններից մեկի ուղղությամբ: Կրակողը դեպքի վայրից փախել էր սկուտերով, ինչպես որ երեք զինվորականներին սպանողը, որոնք հրաձգության էին ենթարկվել մեկ շաբաթ առաջ Թուլուզում եւ Մոնտոբանում: Հարձակման զոհ են դարձել երեք, վեց եւ տասը տարեկան երեխաներ, ինչպես նաեւ քոլեջի 30-ամյա ուսուցիչը: Հաղորդվել էր, որ վնասվածք է ստացել 17-ամյա եւս մեկ դեռահաս: 

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հարավ-Պիրենեյան տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան է հայտարարել եւ 14-րդ թաղամաս ուղարկել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատ եւ ժանդարմական  ստորաբաժանում: