Մարտի 21-ի վաղ առավոտյան Թուլուզում սկսվել է հրեական քոլեջի վրա հարձակում կատարած կասկածյալին բռնելու գործողությունը: Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների` երկու ոստիկաններ վնասվածքներ են ստացել:
Ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը հայտնել է, որ հանցագործների շարքում կարող են լինել իսլամական խմբավորման մի քանի անդամներ: Ըստ Agence France-Presse-ի տվյալների` կասկածյալներից մեկը, որն ամենայն հավանականությամբ դիպուկահար է, կարող է կապված լինել միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման հետ:
Հատուկ գործողությունը ղեկավարում է անձամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 19-ի առավոտյան անհայտ անձը հրաձգություն էր իրականացրել ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցներից մեկի մոտ: Կրակողը դեպքի վայրից փախել է սկուտերով, ինչպես որ երեք զինծառայողների մարդասպանը, որոնք հրաձգության էին ենթարկվել մեկ շաբաթ առաջ Թուլուզում եւ Մոնտոբանում: Հարձակման զոհ են դարձել երեք, վեց եւ տասը տարեկան երեխաներ, ինչպես նաեւ քոլեջի 30-ամյա ուսուցիչը: Հաղորդվում է, որ վնասվածք է ստացել նաեւ մեկ 17-ամյա դեռահաս:


























