Թերթը գրում է, որ ականատեսների վկայությամբ, նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: «Այդ մասին, սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը մեր թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել:
«Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով մեր հարցերը, երեկ հրաժարվեցին պատասխանել դրանց, պնդելով, որ «ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»: Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսպես, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում: «Դուոս» գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ: Նրանց միջեւ վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին: Ականատեսի խոսքով, այդ տղամարդը շատ նման էր Աժ օլիգարխ պատգամավորներից մեկին: Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմեց, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ էր: «Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած: Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոռգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին: Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք»,- պատմեց կինը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























