Ժողովուրդ ջան, այդ ապատեղեկատվությանը Like չանեք, չե’մ ուզում: Նման կերպ է արձագանքել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում լրատվամիջոցների այն հրապարակմանը, ըստ որի, նա չի ցանկանում լինել կառավարության անդամ եւ ցանկանում է վերադառնալ օրենսդրական գործունեությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ համաձայն լրատվամիջոցների հրապարակումների` Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի ցանկանում լինել կառավարության անդամ եւ ցանկանում է վերադառնալ օրենսդրական գործունեությանը, կրկին Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Ճիշտ է, բնավ ոչ շարքային:
«Որոշ տեղեկություններով` Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել խորհրդարանի եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման ցածր պաշտոնով եւ կդառնա խորհրդարանի խոսնակ:
Լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այդ թվում նաեւ դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվել է ՀՀԿ Գործադիր մարմնի կազմում, այլեւ դարձել է կուսակցության փոխնախագահ: Ազգային ժողովի գործող նախագահ Սամվել Նիկոյանը`ՀՀԿ-ի հնաբնակներից մեկը, դրա փոխնախագահը չի հանդիսանում», - նշում է «Հրապարակ» թերթը:




























