Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը որոշում է կայացրել, ըստ որի, Թուրքիայում ապրող սակայն Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի, հույների եւ հրեաների երեխաները կարող են օրինական կերպով հաճախել ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներ:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` որոշման մեջ նշվել է, որ Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերի, հույների եւ հրեաների երեխաները դպրոցներում օրինական կերպով կգրանցվեն եւ նրանց կտրվի ավարտական վկայական: Մինչ այս որոշումը Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում իրավունք ունեին սովորելու միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացողները:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե ողջունում  է այս որոշումը, սակայն որոշման մանրամասներին դեռ տեղյակ չէ: «Մոտ 2 տարի այս խնդրի լուծման համար ջանքեր էինք գործադրում: Շատ ուրախ ենք, որ այս որոշումը կայացվեց»,-ասել է արք. Աթեշյանը:

Նշենք, որ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաները զրկված էին ուսում ստանալու հնարավորությունից: Տարիներ առաջ Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայկական եկեղեցում բացված ընդհատակյա դպրոցում սովորում  են մոտ 80 հայաստանցի երեխաներ: Թուրքիայի կառավարությունը նախորդ տարի թույլ տվեց, որ հայաստանցիների երեխաները որպես ազատ ունկնդիր հաճախեն Ստամբուլի հայակական դպրոցներ, սակայն առանց որեւէ գրանցման կամ վկայականի: