Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 21-ին, ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ նվիրակին նախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստանի եւ Վատիկանի, մեր երկու եկեղեցիների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները հիմնված են քրիստոնեական արժեհամակարգի, երկկողմ պատմական կապերի, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգության վրա եւ ես համոզված եմ, որ Դուք, ինչպես Ձեր նախորդները, կարեւոր ներդրում կունենաք երկկողմ համագործակցության առավել ամրապնդման գործում»:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին նշել է, որ առկա են Սուրբ Աթոռի եւ Հայաստանի համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ինքը կանի առավելագույնը՝ փոխգործակցության ընդլայնման եւ ամրապնդման համար:
Հայաստանի արտգործնախարարն ու առաքելական նվիրակը կարեւորել են անցյալ դեկտեմբերին ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի եւս մեկ վկայություն:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության խնդիրների շուրջ:




























