Հայաստանի Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել կառավարող կոալիցիային մաս կազմող ուժերը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունվել է 68 կողմ ձայնով: Կոալիցիային հաջողվել է ապահովել քվորումը նիստերի դահլիճում եւ քվեարկության դնել այն:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում է խնդրել` փորձելով ձախողել օրինագծի ընդունումը, սակայն չի հաջողվել:

Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը պետք է կայանար երեկ` մարտի 21-ին, սակայն Սամվել Նիկոյանը հետաձգել էր քվեարկությունը` մտավախություն ունենալով, որ այն կարող է չանցնել:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 1-ին 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաեւ նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: Օրինագիծը հակասահմանադրական էր համարել նաեւ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: