Մեքսիկայում գնահատում են նախօրեին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժի վնասները: Բնական աղետը վնասել է հարյուրավոր շինություններ, վիրավորվել է նվազագույնը յոթ մարդ: Երկրի խորհրդարանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը: Բայց, իշխանությունների գնահատմամբ, երկրաշարժը լուրջ վնաս չի հասցրել:
Ստորգետնյա ցնցումների արդյունքում շուրջ 2,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, բայց էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնում են: Վերակրուս նահանգի ատոմային էլեկտրակայանի եւ Բենիտո Խուարեսի անվան օդանավակայանի աշխատանքը մայրաքաղաք Մեխիկոյում չի խափանվել:
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 20-ին` Հերերո նահանգի Ակապուլկո քաղաքի շրջանում` Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին: Երկրաշարժի օջախը գտնվել է 17,5 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժին անմիջապես հաջորդել են ստորերկրյա հինգ ցնցումներ:
Ըստ երկրի քաղաքացիական պաշտպանության տվյալների` Օահակա նահանգում տուժել է հինգ մարդ, եւս երկուսը` Մեխիկոյում:
Հերերո նահանգում վնասվել են ավելի քան 800 տարբեր շենքեր եւ շինություններ, այդ թվում նաեւ բնակելի տներ, հասարակական շենքեր եւ դպրոցներ: Վնասված շենքեր կան նաեւ Օահակա, Միչոական եւ Տաբասկո նահանգներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մեխիկոյում երկրաշարժը բնակիչների մոտ խուճապ է առաջացրել, մարդիկ փախել են փողոցներ: Գործարար թաղամասերում խախտվել է հաստատությունների եւ գրասենյակների աշխատանքը: Ամենուր անջատվել է էլեկտրականությունը, չի աշխատել բջջային կապը, ըստ վերջին տվյալների` կանգնել է մետրոպոլիտենի գծերից մեկը: Երկրաշարժի պատճառով իրենց աշխատանքն են ստիպված եղել ընդհատել պատգամավորները: Ահազանգից հետո նրանք տարհանվել են խորհրդարանի շենքից:


























