Հայաստանում 2010-11թթ. բենզին ներկրողների հարկային մուտքերը նվազել են 12,5%-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարից բենզինը եւ դիզվառելիքը հարկվում են ոչ թե հաստատագրված վճարով, այլ ԱԱՀ-ով: Նախկինում 1 տոննա բենզինի համար ներկրման տուրքը կազմում էր 112 դրամ, դիզվառելիքինը` 32,5 հազար: Անցումը ԱԱՀ-ի պայմանավարված էր հարկային մուտքերի հավաքագրման ավելացման վերաբերյալ ԱՄՀ խորհրդատվությամբ:
Միաժամանակ, եթե 2010թ. բենզին ներկրողների հարկային վճարների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 21,1 մլրդ դրամ, ապա 2011թ-ին` 18,5 մլրդ դրամ, որից ԱԱՀ-ն 14,1 մլրդ, իսկ ակցիզային հարկը` 4,4 մլրդ դրամ:
Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, դա պայմանավորված է բենզիների եւ դիզվառելքի ներկրման ծավալների նվազմամբ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում բենզինի եւ դիզվառելիքի խոշոր ներմուծողներից են «Ֆլեշ» եւ «CPS» ընկերությունները: 2011թ-ին ներմուծվել է 371,5 մլն դոլարի 358 հազ տոննա նավթամթերք: Իսկ 2010թ-ին` ծավալով 5,8%-ով ավելի, բայց արժեքով 18% պակաս:




























