Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավականաչափ տեղեկացված չէ Մարս գործարանի եւ Մերգելյանի ինստիտուտի բազայի վրա տեխնոլոգիական ուղղվածությամբ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ: Այդ մասին այսօր` մարտի 21-ին, «Նոյան տապան» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` ՏՏ ոլորտի ընկերությունները հստակ չգիտեն, թե ինչ պայմաններով կամ արտոնություններով կարող են մուտք գործել ազատ տնտեսական գոտի:
Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանն ասաց, որ բոլոր իրավական փաստաթղթերը (օրենքն ու ենթաօրենսդրական ակտերը) տեղակայված են նախարարության պաշտոնական կայքէջում: Սակայն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նկատեց, որ կառավարության ընդունած որոշումները առայժմ միայն կարգավորում են ազատ տնտեսական գոտու կազմակերչպի նկատմամբ կիրառվող պահանջները, այլ ոչ թե այն ընկերությունների, որոնք ցանկություն ունեն մտնելու ազատ տնտեսական գոտի:
Հ. Ավետիսյանը պատասխանեց, որ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի առումով միայն մեկ հայտ են ստացել` «Սիտրոնիքս» ընկերությունից: Առաջիկա ամսում այդ ընկերության հետ կկքնվի պայմանագիր, կհաստատվի բիզնես ծրագիրը, իսկ պայմանագիրը կնքելուց 6 ամիս հետո կազդարարվի ազատ տնտեսական գոտու մեկնարկը: Ըստ Հ. Ավետիսյանի` ազատ տնտեսական գոտում գործունեություն պետք է ծավալեն միայն աճող ու զարգացման պլաններ ունեցող ընկերությունները: «Չենք թույլ տա ազատ տնտեսական գոտի մտնել այն ձեռնարկություններին, որոն հիմնական նպատակը հարկերից խուսափելն է»,- ասաց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2012 թ. փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությանն այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:
Ազատ տնտեսական գոտին կունենա բարձր եւ նորարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծում եւ արտադրություն) ոլորտներում:




























