Մոտ ժամանակահատվածում ռուսական խանութների ցուցափեղկերում կհայտնվի օղի` «Վոլոդյա ի մեդվեդի» անվամբ:
Մոսկվայի օկրուգի դաշնային արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոսպատենտի» բողոքը, որը հրաժարվում էր գրանցել այդ անունն ունեցող ապրանքանիշը` պնդելով, որ այն «վնաս է հասցնում պետության հեղինակությանը եւ շահերին, ինչպես նաեւ հակասում է հասարակական շահերին»: Դատարանը նրա հետ չի համաձայնել:
«Ռոսպատենտի» հաղորդագրության մեջ ասվում է. «2000-2008 թվերին Ռուսաստանի նախագահը եղել է Վլադիմիր Պուտինը, ով ներկայումս հանդիսանում է գործող վարչապետ եւ «Եդինայա Ռոսիա» քաղաքական ուժի նախագահը, իսկ 2008-ից ՌԴ նախագահը Դմիտրի Մեդվեդեւն է, ուստի հավանական է, որ ապրանքանիշի այդ անվանումը կարող է նույնացվել պետության առաջին դեմքերի անուն-ազգանունների հետ»:
«Ռոյալթի» ընկերության իրավաբանները վիճարկել են այդ պնդումները` նշելով, որ այդ անվանումը կապված է Ռուսաստանում տարածված «Վոլոդյա» անվան եւ ռուսական հեքիաթների պերսոնաժներից` արջերի հետ, հաղորդում է NEWSru.com-ը:



























