ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները համագործակցելով Կոնգրեսի հայկական խմբավորման հետ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցչության աջակցությամբ, ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլուրի վրա միջոցառում կկազմակերպեն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառումը կվարի Արտաշես Քասախյանը, Գլենդել քաղաքի քարտուղարը: Ամերիկահայերը եւ ակտիվիստները հրավիրում են Միացյալ բոլոր Նահանգների սենատորներին միանալ այդ միջոցառմանը` ցույց տալով, որ իրենք հավատարիմ են այդ հարցի արդար լուծմանը:

Օրվա սկզբին արքեպիսկոպոս Օշական Չելոյանը առավոտյան աղոթք կանցկացնի Սենատում: Այդ աղոթքը կհեռարձակվի C-Span 2, եւ առցանց տարբերակով www.cspan.org, ինչպես նաեւ www.senate.gov կայքերի միջոցով:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ Սենատ է մտցվել երկու օրինագիծ` կապված Հայոց ցեղասպանության հետ: Առաջին օրինագիծը` Հայոց ցեղասպանության №399 բանաձեւի օրինագիծը, որը առաջ են քաշել սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Մարք Քըրքը, կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մարդկության դեմ հետագա հանցագործությունների իրականացումը կանխելու նպատակով: Երկրորդ ակտը, եկեղեցիների վերադարձի №392 բանաձեւը, որը ներկայացրել են սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Ֆայնշտեինը եւ Մարկ Կիրկը, կոչ են անում Թուրքիային ետ վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից խլված գույքը` իրենց օրինական տերերին: