Թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերան աֆղանական բանտի փախստական է եղել: Նրան ճանաչել է աֆղանական Քանդահար քաղաքի բանտապետը: 

Նա պատմել է, որ Մերան ձերբակալվել է 2007 թվականին` ահաբեկչության կազմակերպման կասկածանքով: Շուտով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, սակայն արդեն 2008 թվականին նա միացել է «Թալիբան» խմբավորման անդամներին, որոնք փախուստ էին կազմակերպել, հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, Մոհամեդ Մերան ալժիրյան ծագման ֆրանսիացի է: Ինքն իրեն անվանել է «Ալ-Կաիդայի» գրոհային:

Բացի դրանից, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերան գնացել էր Աֆղանստանի եւ Պակիստանի սահման, որից հետո ֆրանսիական իշխանությունները նրան սկսել են հետեւել: 

Մարտի 21-ի գիշերը այն տունը, ուր ապրում էր Մերան, շրջափակվել էր ոստիկանության կողմից: Իրավապահ մարմինների հետ բանակցությունների ընթացքում նա խոստացել է հանձնվել, սակայն շատ լրատվամիջոցներ ենթադրում են, որ ահաբեկիչը կգերադասի զոհվել: