Սանկտ Պետերբուրգի ոստիկանության կոզմից անցած տարի ամռանը Գեւորգ Ալիվորյանի ապօրինի կալանքի հետ կապված միջադեպը սպառված չէ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը, դատարան է ներկայացվել  հայց` նախաքննական մարմինների ապօրինի գործողությունների, չհիմնավարոված քրեական հետապնդման արդյուքում վնասի փոխհատուցման պահանջով:

Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը:  Սկանդալը կայանում է նրանում, որ  տուժածը  պնդում է,  թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց  անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն  հունիսի 8-ին  էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ,  Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ նա վկայի կարգավիճակում է:

Վկային ծեծի ենթարկելու փաստով  ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»: Նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ է արձակվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկի անձնական երաշխավորությամբ: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է, հաստատվել է, որ նա մասնակցություն չի ունեցել միջադեպին:

Այդ պահից ի վեր Հետաքննական կոմիտեի կողմից ոստիկանների եւ քննիչի գործողությունների օրինականության վերաբերյալ ստուգումներն արդյունք չեն տվել:

Փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանի խոսքով` գործով պատասխանող է նշանակված Ֆինանսների նախարարությունը` ի դեմս Սանկտ Պետերբուրգի դաշնային գանձապետարանի: Ներկայումս դատարանը քննարկում է հայցը վարույթ ընդունելու հարցը:

Բացի վնասի փոխհատուցման հայցից, փաստաբան Գաբրիելյանը բողոք է ներկայացրել Սանկտ Պետրեբուրգի Ֆրունզեի շրջանի նախաքննական մարմնի աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ: Բողոքն արդեն հասցեագրվել է ՆԳՆ Սանկտ Պետրեբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչության ղեկավար Սերգեյ Ումնովին: Բողոքում փաստաբանը խնդրում է մատնանշված հանգամանքների վերաբերյալ ծառայողական ստուգում իրականացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Փաստաբանի խոսքով` ոստիկանների գործողությունների օրինականության վերաբերյալ մինչ այժմ իրականացված ստուգումները խախտումենր չեն բացահայտել: «Մասնավոր զրույցներում ինձ խոստացել են նրանց կարգապահական պատժի ենթարկել, սակայն  խորհուրդ են տվել գործ չհարուցել, քանի որ դա, միեւնույն է, արդյունք չի տա»,- ավելացրեց փաստաբանը` նշելով, որ դրանով էլ պայմանվորված է բողոքի ներկայացումը: Նա նաեւ մեծ  համարում հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու հավանականությունը: