2012-ին Թուրքիան զբոսաշրջության ոլորտում նոր ուղղություն է յուրացնում ` կրոնական զբոսաշրջություն, եւ ակնկալում է մոտ 4 միլիոն ռուս զբոսաշրջիկ ընդունել: Ընդ որում, այդ ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը, Գերմանիայից հետո: Այդ մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը:

«Լավ կլիներ, որ ռուսական հյուրերի թիվն ավելանար, եւ ռուսաստանցիները այցելեին մեզ մոտ ոչ միայն ծովափնյա հանգստի նպատակով: Մենք ջանքեր ենք գործադրում, որ զբոսաշրջիկները հնարավորություն ունենան այցելել մեր երկիր նաեւ կրոնական եւ մշակութային զբոսաշրջության նպատակով»,-ասել է նախարարը:

Նախարարը հիշեցրել է ռուսների կրթվածության մասին եւ հույս հայտնել, որ ռուսները հաճախ կայցելեն Թուրքիայի մշակութային տեսարժան վայրեր:

«Ներկայումս Թուրքիան յուրացնում է կրոնական զբոսաշրջությունը: Մենք ունենք ներկայացնելու շատ բան, օրինակ Սումելի վանքը Տրապիզոնում, որը արդեն վերականգնվել է եւ բաց է ուխտագնացությունների համար, կամ էլ հայկական Աղթամար եկեղեցին Վան նահանգում, ինչպես նաեւ Արեւելյան Անատոլիայի մզկիթները եւ եկեղեցիները: Բացի այդ, ամենամյա միջոցառումներ են կազմակերպվում Դեմր քաղաքում` Սուրբ Նիկոլայի հայրենիքում, ում ամբողջ աշխարհը գիտի որպես Սանտա Կլաուս»,-ասել է նախարարը: Էրթուրգրուլ Գյունայը հիշեցրել է նաեւ Թուրքիայի պատմական ժառանգության այնպիսի «գոհարների» մասին, ինչպիսիք են Սուրբ Սոֆիայի տաճարը եւ Սուլթան Ահմեդի մզկիթը Ստամբուլում:

«Թուրքիայում հաշվվում են 10 վայրեր, որոնք մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում,-շարունակել է նախարարը,-եւս    26-ը հանդիսանում են հավակնորդներ: Դրանք բոլորը բաց են այցելության համար»,-հաղորդում է «Բլագոսվետ-Ինֆո»-ն: