«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ելույթը հակակառավարական քննադատություն չէր: Այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «ԲՀԿ-ի մեր գործընկերները մեզ հետ միասին զբաղվում են երկրի համար արդիական սոցիալտնտեսական խնդիրների, այդ թվում առողջապահապան, քաղաքաշինական, սոցիալական ապահովության հարցերի լուծմամբ»,-հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարում, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթում քննադատական դիտարկումներ են հնչել արժեքային համակարգը փոխելու անհրաժեշտության, կոռուպցիայի ու մարդկային աշխատանքին հարգանքով վերաբերելու մասին: Ծառուկյանը հայտարարել էր երկրում անընդունելի սոցիալական իրավիճակի մասին:

«Մենք նաեւ մատնանշում ենք առկա բազմաթիվ խնդիրները, վերլուծելով մեր աշխատանքը: Ինքնաքննադատությունը լավ է եւ հենց դա է երաշխավորում այդ խնդիրների հետագա շտկումը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ընդգրկված է իշխող կոալիցիայի կազմում: