ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ներկայությամբ Ռոբերտ Դե Նիրոյի հարցը` «սպիտակ առաջին տիկնոջ մասին», Սպիտակ տանը համարել են ոչ տեղին կատակ: Դերասանը Նյու Յորքում մասնակցել է բարեգործական ճաշի` գործող նախագահի ընտրարշավի համար գումարներ հավաքելու նպատակով:

«Կալիստա Գինգրիչ, Քարեն Սանթորում, Էնն Ռոմնի»,- թվարկել է դերասանը նախագահի թեկնածուների կանանց ու շարունակել. «Իսկ դուք իսկապես կարծում եք, որ մեր երկիրը պատրա՞ստ է սպիտակամորթ առաջին տիկնոջ»: Դահլիճից մեկը բացականչել է. «Ոչ» եւ Դե Նիրոն շարունակել է. «Չափազանց արագ է, չէ՞»:

Դրանից մեկ օր անց Միշել Օբամայի մամուլի ծառայությունը դերասանի արտահայտությունն անվանել է «անթույլատրելի», հաղորդում է The Hill թերթը:

Ռոբերտ Դե Նիրոն, ի պատասխան, պարզաբանել է, որ չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել իր մեկնաբանություններով: Նա հայտարարել է, որ իր խոսքը, թեեւ երգիծանք է պարունակել, սակայն նպատակ չի ունեցել վիրավորել որեւէ մեկին, հատկապես, Առաջին տիկնոջը:

Հոլիվուդյան դերասանի կատակը չեն գնահատել նաեւ գործող նախագահի մրցակիցների ճամբարում: Նյութ Գինգրիչի գրասենյակը Դե Նիրոյի խոսքը համարել է ռասիստական եւ պահանջել ներողություն խնդրել Բարաք Օբամայից, քանի որ դերասանը հենց նրա կողմնակիցն է: