Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադարներն ուղղված են ոչ այնքան Իրանի, որքան` Ռուսաստանի դեմ: «Կոմերսանտ ՖՄ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով ԱՄՆ ՀՀՊ համակարգերի եւ դրանց` Իրանի դեմ ուղղված լինելու, ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին հարցերին, ռուս նախարարը որպես ակնհայտ օրինակ բերել է Թուրքիայում տեղակայված ռադարները:

«Կբերեմ եւս մեկ փաստարկ: Մենք գիտենք, որ այն երկրների շարքում, որոնց հետ համագործակցության համաձայնագրեր են կնքվում Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ, կա նաեւ Թուրքիան:

Նրա տարածքում տեղակայվում է (եթե դեռ չեն տեղակայվել) ռադար, որը պետք է նրա համար, որպեսզի ստեղծվող համակարգը հետեւի այն ամենին, ինչն անհրաժեշտ է ամերիկացիներին: Եթե խոսքն Իրանի մասին է, ապա այդ ռադարը պետք չէ, որովհետեւ մերձավորարեւելյան երկրներից մեկում արդեն վաղուց  կա ամերիկյան ռադար, որը հսկում է Իրանի ողջ տարածքը:

Եթե Թուրքիայում տեղակայվող ռադարը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա այն տեսնում է ճիշտ նույնը, ինչ վերը հիշատակված ռադարը, այսինքն Իրանի ողջ տարածքը, ինչպես նաեւ Ռուսաստանի եվրոպական հատվածի մեծ մասը»,-ասել է Լավրովը:
Նախարարի հարցազրույցը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում: