Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ Հալեպում ահաբեկչությունների վերջին շարքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել անհայտ «Ջեբհաթ-ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) խմբավորումը:

Այս մասին հայտնել է լիբանանյան արբանյակային «Ալ-Մանար» հեռուստաալիքը` վկայակոչելով ահաբեկիչների տեսաձայնագրությունը` իսլամիստական կայքերից մեկում: Հեռուստաալիքի փոխանցմամբ, ահաբեկիչները խոստանում են էլ ավելի խստորեն պատժել նրանց, ովքեր ծառայում են իշխող ռեժիմին: Նրանք հայտարարել են, որ իրենց զինվորները գործում են բոլոր ուղղություններով եւ ոչ մի դահիճ չի խուսափի վրեժից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ մահապարտ-ահաբեկիչները մարտի 17-ին, ականապատված ավտոմեքենաներ են պայթեցրել Դամասկոսում ուժային կառույցների շենքերի մոտ: Մահացել է 27 մարդ, ավելի քան 140 մարդ վիրավորվել է: Դրանից մեկ օր անց պայթյուն է որոտացել նաեւ Հալեպում, որին զոհ է գնացել 3 մարդ, այդ թվում մեկ հայուհի: