Apple ընկերությունը պատասխանել է նոր iPad պլանշետի տաքանալու հետ կապված բողոքներին: Ընկերության ներկայացուցչուհի Թրուդի Մյուլլերը All Things Digital-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ երրորդ սերնդի iPad պլանշետի կորպուսի ջերմաստիճանը համապատասխանում է հաստատված նորմերին: Նա խորհուրդ է տվել օգտագործողներին խնդիրների բախվելու դեպքում դիմել տեխնիկական աջակցության ծառայությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Apple  ընկերության նոր iPad-ից արդեն դժգոհություններ կան: Վաճառքից մի քանի օր անց ընկերությունը բողոքների հոսք է ստացել նոր iPad-ի «երջանիկ» սեփականատերերից: Մասնավորապես նրանք բողոքում են, որ այն տաքանալուց անջատվում է:

Նույնիսկ գնորդներից մեկն ասել է, թե իր iPad-ը օրվա մեջ 4 անգամ անջատվում է:

Ինչպես հաղորդում է Tweakers.net-ը, անցկացված թեստի արդյունքում երրորդ սերնդի  iPad -ի աշխատանքային ջերմաստիճանը հասել է 33,6 °C-ի, ինչը 18,7% -ով ավելի է iPad 2-ի ջերմաստիճանից (28,3 °C):
Apple ընկերությունում իրավիճակը դեռ որեւէ կերպ չեն մեկնաբանում: