Իրանի շուրջ լարվածության աճի պարագայում ՀՀՊ ռադարային համակարգի տեղակայումը տրամաբանական եւ փաստարկված է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով` դա անհրաժեշտ է

Արեւմուտքին, որպեսզի ինչ-որ պահի մանյովրի հնարավորություն ունենա, եթե Իսրայելի դիրքորոշումը շեղվի «նախատեսվածից»:

«Իսրայելի դիրքորոշումը կարող է փոփոխվել: Այնտեղ շատ են ուզում հարվածել Իրանին: Ամերիկացիները եւս համ ցանկանում են, համ երկյուղում, քանի որ Իրանը Լիբիա կամ Իրաք չէ: Այդպիսի պայմաններում Թուրքիայում ԵվրոՀՀՊ-ի տարրերի տեղակայումը բավականին հիմնավորված է եւ ծառայում է որպես յուրօրինակ ապահովագրում»,-նշեց նա:

Մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում տեղակայված ԵվրոՀՀՊ-ն կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ, Սկակովն այն համարեց «քաղաքականապես ոչ այնքան կոռեկտ»: Իսկապես այդ համակարգը հետագայում կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ, սակայն այսօրվա դրությամբ ոչ մի հիմք չկա այդ մասին խոսելու: Այդ հայտարարությունները, ավելի շուտ, հարկ է դիտարկել ԵվրոՀՀՊ համակարգերի քննարկման ընդհանուր համատեքստում»,-նշեց փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ձեռնարկել այս կամ այն քայլերը` Թուրքիայի վրա այդ հարցում ազդելու համար, քաղաքագետը նշեց. «Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների լայն սպեկտր ունի: Մոսկվան ճնշում չի գործադրի Թուրքիայի վրա, դա կարող է հետո շրջվել հենց նրա դեմ»,-նկատեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ ՖՄ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադարներն ուղղված են ոչ այնքան Իրանի, որքան` Ռուսաստանի դեմ:

«Մենք գիտենք, որ այն երկրների շարքում, որոնց հետ համագործակցության համաձայնագրեր են կնքվում Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ, կա նաեւ Թուրքիան:
Նրա տարածքում տեղակայվում է (եթե դեռ չեն տեղակայվել) ռադար, որը պետք է նրա համար, որպեսզի ստեղծվող համակարգը հետեւի այն ամենին, ինչն անհրաժեշտ է ամերիկացիներին: Եթե խոսքն Իրանի մասին է, ապա այդ ռադարը պետք չէ, որովհետեւ մերձավորարեւելյան երկրներից մեկում արդեն վաղուց կա ամերիկյան ռադար, որը հսկում է Իրանի ողջ տարածքը:

Եթե Թուրքիայում տեղակայվող ռադարը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա այն տեսնում է ճիշտ նույնը, ինչ վերը հիշատակված ռադարը, այսինքն Իրանի ողջ տարածքը, ինչպես նաեւ Ռուսաստանի եվրոպական հատվածի մեծ մասը»,-ասել է Լավրովը: