Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ համագործակցելու եւ Իրանի օգտին լրտեսության անելու մեջ մեղադրվող Ադրբեջանի 22 քաղաքացիների վնասազերծման գործողությունն արհեստականորեն է կազմակերպվել: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Էրեսթուն Օրուջլուն` Faktxeber.com ադրբեջանական լրատվական կայքին տված հարցազրույցում:

Փորձագետը կասկածի տակ է առել Ադրբեջանի իրավապահ մարմինների եւ անվտանգությամբ զբաղվող մարմինների անցկացրած գործողությունները` նշելով, որ դրա համար լուրջ հիմքեր կան: «Ինչպե՞ս է լինում, որ միանգամից 22 լրտեսների ձերբակալող մարմինները, 7 տարի է, ինչ չեն կարողանում հայտնաբերել լրագրող Էլմար Հուսեյնովի մարդասպանին, կամ թե 4 ամիս է, ինչո՞ւ չեն գտնում գրող Ռաֆիգ Թաղիի սպանության հանցագործներին: Դա հիմք է տալիս կասկածելու, որ լրտեսների ձերբակալման հետ կապված գործողությունն արհեստականորեն է կազմակերպվել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թեհրանն արդեն մեկ ամսվա մեջ 3-րդ անգամ է Ադրբեջանի դեմ բողոքի նոտա ներկայացրել, ընդ որում յուրաքանչյուր անգամ այդ բողոքի նոտան հանձնվում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ նրանց իրանցի գործընկերների հետ հանդիպումից կարճ ժամանակ անց:

Այսպես, Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիեւի` Իրան կատարած այցից մի քանի օր անց Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում Ադրբեջանի հանրապետության ինքնիշխանության խախտման եւ ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք ստեղծելու եւ ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 22 մարդ: Ձերբակալված անձանց կասկածում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ համագործակցելու եւ Իրանի համար լրտեսության անելու մեջ: Այդ դեպքից հետո Իրանը կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանին: