Թուլուզում տունը, որտեղ գտնվում է երեխաների եւ զինվորականների ենթադրյալ մարդասպան Մոհամեդ Մերան, արդեն երկրորդ օրն է շրջափակված է ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի կողմից, սակայն հանցագործը, չնայած հանձնվելու իր բոլոր խոստումներին, դեռեւս ներսում է գտնվում: Ոստիկանությունը ցանկանում է նրան ողջ վերցնել, որպեսզի ահաբեկիչը կանգնի դատարանի առաջ:
Գործողությունն սկսվել է մարտի 21-ի գիշերը, Մերան սկզբում կրակել է` վիրավորելով երեք ոստիկանների: Այնուհետեւ նա իր ատրճանակներից մեկը փոխարինել է ռացիայով եւ սկսել է բանակցություններ վարել, որոնց ընթացքում խոստովանել է, որ դա հենց ինքն է իրագործել զինվորականների եւ երեխաների սպանությունը, ինչպես նաեւ հայտարարել է, որ նախատեսել էր էլի ոստիկաններ եւ զինվորականներ սպանել: Ըստ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի` միակ բանը, որում նա զղջում է, այն է, որ իրեն չի հաջողվել ավելի շատ մարդ սպանել:
Այն տան բնակիչները, որտեղ փակված է Մերան, տարհանվել են: Մարտի 21-ին ժամը 21:00-ին ոստիկանությունն սկսել է նախապատրաստվել զավթման նոր փուլի, տանը եւ շրջակայքում անջատվել է էլեկտրականությունը:
Երկու ժամ անց` 23.34-ին, հնչել են առաջին երեք պայթյունները: Ըստ աղբյուրների տվյալների`կամ պայթեցվել է բնակարանի պատի կեսը, կամ էլ պատուհանը եւ դուռը, որտեղ թաքնվում է Մերան: Ըստ ՆԳՆ-ի ներկայացուցիչների` խոսքը սարսափելի գործողությունների մասին է: Եւս երկու ժամ անց թաղամասում լսվել են երեք կրակոց եւ նոր պայթյուն: Աղբյուրները հաստատում են, որ կրակոցներն արել է հատուկ նշանակության ջոկատը, հնարավոր է, նույնիսկ հանցագործին վախեցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ֆրանսիական հեռուստաալիքների տվյալների` վերջին ժամանակներս Մերան դադարեցրել է բանակցությունները ոստիկանության հետ:


























