Անկարգություններ են սկսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյում: Հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ բանակը գրոհում է նախագահական պալատը: 

Ավելի վաղ զինծառայողները գրավել էին  պետական հեռուստատեսության շենքը եւ խոստացել էին, որ շուտով կցուցադրեն զինված ուժերի ներկայացուցիչների ուղերձը, հաղորդում է «Ազատություն ռադիոն»:

Զինծառայողների ապստամբությունը բռնկվել էր մարտի 21-ին`երկրի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Սադիո Գասամի ելույթից հետո, հայտնում է vesti.ru-ն:

Զինվորները դժգոհ են զինամթերքի եւ մթերքի անբավարարության իրենց բողոքների նկատմամբ կառավարության անուշադրությունից: Զինվորականների զայրույթն է հարուցում նաեւ ապստամբ տուարեգների հետ հաշվեհարդար տեսնելու իշխանությունների անկարողությունը: Սակայն ապստամբության մասնակիցները մտադիր չեն տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախարարներին:

Այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ երկրում պետական հեղաշրջում է տեղի ունենում, նախագահ Ամադու Թումանի Թուրեն իր Twitter-ի միկրոբլոգում գրել էր. «Մալիում տեղի ունեցողը պետական հեղաշրջում չէ: Դա պարզապես ապստամբություն է»:

Մարտի 20-ին «Անսար ադ Դին» իսլամական թեւի քոչվոր տուարեգների ապստամբ մի խմբավորում հայտարարել էր Մալիի հյուսիսարեւելյան շրջանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: Տուարեգները հաստատել են, որ նրանց հաջողվել է գրավել մի շարք բնակավայրեր: «Անսար ադ Դինի» նպատակներից մեկը Մալիի տարածքում շարիաթի հաստատումն է: