Մալիի զինծառայողները հաղորդել են նախագահական պալատի գրավման եւ մի քանի նախարարների ձերբակալության մասին:
AFP-ի տվյալներով, ներկա պահին արդեն մի քանի նախարարներ ձերբակալված են, այդ թվում` ԱԳՆ-ի ղեկավար Սումեյլե Բուբեյե Մաիգան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի բանակը վերահսկողության տակ է վերցրել հեռուստատեսության շենքը եւ Բամակոյի ռադիոն` դադարեցնելով հեռուստատեսության եւ ռադիոալիքների հեռարձակումը:
Հիշեցնենք, զինծառայողների ապստամբությունը բռնկվել էր մարտի 21-ին`երկրի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Սադիո Գասամի ելույթից հետո: Զինվորները դժգոհ են զինամթերքի եւ մթերքի անբավարարության իրենց բողոքների նկատմամբ կառավարության անուշադրությունից: Զինվորականների զայրույթն է հարուցում նաեւ ապստամբ տուարեգների հետ հաշվեհարդար տեսնելու իշխանությունների անկարողությունը:
Այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ երկրում պետական հեղաշրջում է տեղի ունենում, նախագահ Ամադու Թումանի Թուրեն իր Twitter-ի միկրոբլոգում գրել էր. «Մալիում տեղի ունեցողը պետական հեղաշրջում չէ: Դա պարզապես ապստամբություն է»:




























