Մալիում նախագահի նստավայրը գրաված զինվորականները տեղի հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հայտարարել են կառավարությունը եւ այլ պետական հաստատություններ ցրելու, ինչպես նաեւ Սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին:
Երկրի բնակիչների առաջ ելույթ է ունեցել լեյտենանտ Ամադու Կոնարեն, որպես «ժողովրդավարության վերականգնման եւ պետության վերածնման ազգային կոմիտեի» ներկայացուցիչ:
Խռովարարները հայտարարել են Մալիում իշխանությունը նոր կառավարությանը հանձնելու պատրաստակամության մասին, որը կկազմավորվի ընտրությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի բանակը վերահսկողության տակ է վերցրել երկրի հեռուստատեսության ռադիոյի շենքերը, դադարեցնելով բոլոր հաղորդումների հեռարձակումը:
Զինվորականների խռովությունը բռնկվել է մարտի 21-ին, Մալիի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Սադիո Գասամի ելույթից հետո: Զինվորականները դժգոհ էին, որ զենքի ու սննդի անբավարարության վերաբերյալ իրենց բողոքները կառավարությունն անուշադրության է մատնում, նաեւ նրանից, որ իշխանությունները ունակ չէին լուծել ապստամբ տուարեգների հետ կապված խնդիրը:
Հենց լրատվամիջոցները հայտարարել են, որ երկրում պետական հեղաշրջում է տեղի ունենում, նախագահ Ամադու Տումանի Տուրեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մալիում տեղի ունեցողը պետական հեղաշրջում չէ, սա պարզապես ապստամբություն է»:




























