«One» ակումբում, մարտի 16-ի երեկոյան, ակումբի անվտանգության աշխատակիցների կողմից 24-ամյա Սոսե Պ.-ին ծեծելու փաստի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Ոստիկանությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երեւան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թեւերից ու մազերից եւ դուրս հանել ակումբից` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 16-ին ընկերուհիների հետ «One» ակումբ այցելած Սոսե Պ.-ն Aravot.am-ին հայտնել է, որ այդ օրն ինքն ընկերուհիների հետ պարելու էր գնացել եւ ակումբից դուրս գալիս՝ անվտանգության աշխատակիցները սկսել են քաշել մազերը, ու խփելով, քաշքշելով դուրս հանել ակումբից. «Ես հիշում եմ՝ նայում էի երկնքին ու գոռում էի՝ մազերս թողեք, ընկերուհիներս մի կողմից էին գոռում, ու մի չորս տղայով ինձ դուրս են հանում ու զգում եմ եղունգս է պոկվել, շրթունքիցս էլ արյուն էր գալիս: Աջ թեւիս տակն ամբողջությամբ կապտացրել են, ձախ թեւս՝ էլի կապտած»:

Ս. Պ.-ի խոսքով, ինքն այդ օրը ալկոհոլ էր օգտագործել, ու անվտանգության աշխատակիցները նրա՝ ակումբ մտնելու առաջին վայրկյանից իրենց ուշադրության տակ են պահել: Ս. Պ.-ն արդեն դիմել է ոստիկանություն ու ակումբի մենեջերին: Վերջինս էլ, աղջկա պատմելով՝ իրեն խոստացել է հրավիրել ակումբ ու բացահայտել, թե որ անվտանգության աշխատակիցն է բռնություն կիրառել, բայց այդպես էլ չի կազմակերպել այդ հանդիպումը ու հաջորդ օրը հեռախոսազանգի ընթացքում սկսել է ծաղրել աղջկան:

Իսկ ահա ակումբի մենեջեր Կարեն Սարգսյանը NEWS.am-ին հայտնել է, որ «One» ակումբում հարբած հաճախորդուհիներից մեկը կորցնելով ինքնատիրապետումը, սկսել է հայհոյել, ինչը դուր չի եկել մյուս հաճախորդներին եւ նրանք պահանջել են նրան դուրս հրավիրել ակումբից:

Նրա խոսքով, աղջիկը սարսափելի հարբած է եղել: «Այլանդակ քֆուրներով մարդկանց վիրավորում էր: Մեր մենեջերը, որը եւս աղջիկ է, նրան խնդրելով ասել է, որ եթե Դուք ձեզ լավ չեք զգում, կարող ենք մինչեւ տաքսի ճանապարհենք գնաք տուն: Դրանից հետո նա մուտքի մոտ կռիվ սարքեց իր ծանոթ աղջիկների հետ ու նորից քֆուրների տարափ սկսվեց: Մեզ մոտ էլ ընտանիքներով մարդիկ են գալիս ուրախանում իրենց ընեկերուհիների, կանանց հետ: Հաճախորդներից մի տղայի, ով քրոջ, թե կնոջ հետ էր եկել, դուր չեկան նրա արտահայտությունները, եւ նա բարձր պահանջեց դուրս հանել այդ հաճախորդուհուն»,- պատմել է մենեջերը: