NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մարտի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում հայտնաբերված կնոջ դիակը` Չինար Ուդոյանինն է. վերջինս ազգությամբ եզդի է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը, հավելելով, որ դիակի վրա եղել է գրություն, որտեղ ասվում է, որ դա վրեժխնդրություն է: Գրութան մեջ մասնավորպես ասվում է` «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»:
Գյուղապետը, նշեց, որ մանրամասների չի տիրապետում, քանի որ ոստիկանները դեռ աշխատում են, սակայն պատմեց, որ սպանվածն ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի, որոնք ապրում են Ռուսաստանի դաշնությունում եւ Գերմանիայում: Նա Ջրաշենում ապրել է իր ամուսնու հետ, որտեղ զբաղվել են անասնապահությամբ:
Գյուղապետի խոսքով, նրա ամուսինը կրթված մարդ է եւ եզդի համայնքի անդամ ու պարբերաբար գալիս է Երեւան աշխատանքի: Գյուղապետի փոխանցմամբ, նրանք անապահով ընտանիք չեն եղել եւ նրանց ունեցած պարտքերի մասին էլ գյուղում տեղեկություններ չեն եղել:
«Այդ մարդկանցից ճոխություն, ավելորդություն չենք տեսել: Ոչ էլ լսել ենք, որ ինչ-որ մեկի հետ թշնամացած են», - ավելացրեց գյուղապետը:
Հաշվի առնելով, որ նման դաժան սպանությունները եզդիների շրջանում հազվադեպ երեւույթ չեն, զրուցեցինք Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ, ով ասաց, թե նոր է տեղեկացել դեպքի մասին եւ պաշտոնապես ոչինչ չի կարող ասել: Նա համաձայնեց, որ դաժան սպանություններ եզդիների շրջանում շատ են եղել, «բայց հիմա նման բան չկա, արդեն վերացել է»:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին փոխանցեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի սպանության` 104 հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով/Առանձնակի դաժանություն/: Նախաքննությունը շարունակվում է: Ներկա պահին ձերբակալվածներ չկան:
Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արարատի մարզում մարտի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ջրաշեն գյուղում կնոջ դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դիակի վրա վնասվածքներ են եղել, ինչից ենթադրվում է, որ կատարվածն սպանություն է: NEWS.am-ի թղթակցին դեպքի հետ կապված որոշ մանրամասներ է հաջողվել պարզել: Կնոջ դիակի վրա երկտող է եղել, թե կատարվածը վրեժխնդրություն է: Գյուղում լուրեր են շրջանառվում, որ կինը սպանվել է գումարային պարտք ու պահանջի պատճառով:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

























