Բաքվի բողոքարկիչ դատարանը հսկողության տակ է պահում մարտի 17-ին Բաքվում տեղի ունեցած երիտասարդական բողոքի ակցիայի երեք մասնակիցներին, որոնք դատապարտվել են վարչական կալանքի: 

Բաքվում իշխանությունների արտոնած բողոքի ակցիան տեղի է ունեցել մարտի 17-ին` Բայիլովո ավանի հրապարակում: Այն բանից հետո, երբ ռեփեր Ջամալ Ալին սկսել է վիրավորանքներ հնչեցնել  նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին, ակցիայի երեք մասնակիցներ ձերբակալվել են: Մարտի 17-ի երեկոյան դատարանը Ջամալ Ալիին դատապարտել էր 10 օրվա կալանքի, կիթառահար Նաթիղ Քամիլովին` 6 օրվա եւ  «Նիդ» երիտասարդական շարժման ակտիվիստ, բլոգեր Էթիբար Սալմանովին` 5-օրյա կալանքի, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:

Դատական հետաքննության ընթացքում ռեփեր Ալին ներողություն է խնդրել մարտի 17-ին իր ելույթի ընթացքում անպարկեշտ հայհոյանքի համար: Միեւնույն ժամանակ նա դատարանին հայտնել է, որ ձերբակալվելիս իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել:  «Սաբայիլյան շրջանային դատարանում ես ասել եմ, որ ինձ ծեծել են: Դրանից հետո ոստիկանությունում ինձ նորից ծեծեցին: Այժմ ասում եմ, նորից կծեծեն: Մարտի 19-ին Սաբայիլյան ոստիկանությունում ինձ ծեծել են երկու ժամ շարունակ: Նրանք մահակներով հարվածում էին իմ կրունկներին», - ասել է Ալին: