Հայաստանում անցկացված հարցման համաձայն՝ քարոզարշավի նախաշեմին երկրի 2 խոշոր քաղաքական ուժերի՝ Հայաստանի հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գրանցած արդյունքների միջեւ զգալի տարբերություն չկա, մինչդեռ երկուսն էլ շատ առաջ են մյուս բոլոր կուսակցություններից: Այդ մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի եվրոպական բարեկամների կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը՝ նշելով, որ հարցման արդյունքներում սխալի չափը կազմում է 2.4%:

Միաժամանակ, ըստ Քամբեքի, չորս կուսակցությունները՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը հավասար հնարավորություններ ունեն հաղթահարելու 5 տոկոսանոց շեմը եւ մուտք գործելու Ազգային ժողով:

«Զարմանալի է, բայց քարոզարշավի շեմին անհնար է ասել, թե մենք կունենանք 6, 5, 4, 3 թե ընդամենը երկու կուսակցություններից բաղկացած խորհրդարան: Սա նշանակում է, որ այսօր անհնար է կանխատեսել ճշգրիտ արդյունքներ: Միակ բանը, որ գիտենք այն է, որ արդեն այսօր մարդկանց մի մեծ տոկոս միանշանակ որոշել է քվեարկել»,- ասաց Քամբեքը:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ընտրությունների նախաշեմին բոլոր խոշոր կուսակցությունների եւ քաղաքական ուժերի մասին տեղեկացվածությունը կտրուկ աճել է:

Հետազոտության հեղինակները հարցմանը մասնակցած անձանց խնդրել են նշել 5 քաղաքական ուժերի անուն, որոնց մասին իրենք առավել տեղեկացված են: Ըստ այդմ, հարցվածներն առավելապես տեղեկացված են եղել ԲՀԿ-ի մասին` 78%: 2010-ի հոկտեմբերին ԲՀԿ-ի մասին տեղեկացվածությունը կազմել է 39%: Երկրորդն այս ցուցանիշով ՀՀԿ-ն է` 71%: Նույն ցուցանիշը 2010-ի հոկտեմբերին եղել է 38%: Երրորդը` ՕԵԿ-ն է 51% (2010-ին` 19%), նրան հետեւում են ՀՅԴ-ն` 34% (2010-ին` 20%), «ժառանգությունը»` 26% (2010-ին` 9%), և ՀԱԿ-ը` 16% (2010-ին` 8%):

Մյուս ուժերի հիշատակումների տեսակարար կշիռը 10%-ի շեմից ցածր է եղել:

Հետազոտության հեղինակների այն հարցին, թե ում կտայիք Ձեր ձայնը, եթե ԱԺ ընտրությունները կայանային այս կիրակի, 27%-ը նշել է ԲՀԿ-ին, ըստ որում` եւս 15%-ը պատրաստակամություն է հայտնել ԲՀԿ-ին ձայն տալ այն դեպքում, եթե իր նախընտրած կուսակցությունը չմասնակցի ընտրություններին (այսպես կոչված` երկրորդե քվե): Երկրորդ հորիզոնականում 25%-ով ՀՀԿ-ն է: Հանրապետականին իրենց երկրորդ քվեն պատրաստ են տալ հարցման մասնակիցների 11%-ը: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ստացել են հարցման մասնակիցների 3%-ի հավանությունը, ըստ որում` երկրորդ քվեով դասավորությունն այս ուժերի դեպքում հետևյալ տեսքն ունի` ՀՅԴ եւ ՕԵԿ` 4-ական տոկոս, «Ժառանգություն»` 3%, ՀԱԿ` 2%:

Նշենք, որ հարցումն իրականացրել են IPSC-ն ու  ՀԵԲ-ը կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը եւ ընդհանուր վերահսկողությունը. դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ-ի փետրվարի 29-ից մարտի 5-ը:

ՀԵԲ-ը հիշյալ հարցումն իրականացրել է ոչ որպես տեղական եւ ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն եւ հենց անաչառության ու որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային կազմակերպության կողմից: