Այսօր Լեւենում Շվեյցարիայի ահավոր վթարից զոհված 7 երեխաների եւ 2 մեծահասակների  հոգեհանգստի պատարագն են մատուցում: 

Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդման` արարողությունը բացառապես հոգեւոր բնույթի է, զոհվածների հարազատների կամքով չեն լինի ոչ ճառեր, ոչ երաժշտություն, միայն եկեղեցական ժամերգություն: 

Ժամերգությանը ներկա են բելգիացիների թագավոր  Ալբերտ Երկրորդը կնոջ` թագուհի Պաոլայի հետ, Բելգիայի եւ Նիդեռլանդների վարչապետներ Էլիո դի Րուպոն եւ Մարկ Րյութեն, Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եւ շվեյցարական Վալեի ներկայացուցչական պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել մարտի 13-ին` Վալեի Սյեր քաղաքի շրջակայքում: Ավտոբուսն անհայտ պատճառներով կորցրել էր կառավարումը եւ բախվել թունելի պատին:Վթարի զոհ էին դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխաներ:

Զոհվածների մարմինները մարտի 16-ին տեղափոխվել են Բելգիա` բելգիական ռազմաօդային ուժերի օդանավերով: