Անապահով ընտանքիներին գազի գնի սուբսիդավորումը կդառնա շարունակական: Այդ մասին այսօր` մարտի 22-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության առաջարկով կառավարությունն այսօր հաստատեց «Հայռուսգազարդ» ընկերությանը 205 մլն դրամ փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը` 2011 թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով:
Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներին գազը մինչեւ 300 խոր մետրի սահմաններում մատակարարվում է 1 խոր. մետրը 100 դրամով` շուկայական 132 դրամի համեմատ: «Պրն Մովսիսյան, ձեզ հանձնարարվում է աշխատել «Հայռուսգազարդի» հետ, որպեսզի մեր ձեռքբերված պայմանավորվածությունները 2012 թ. ամբողջությամբ շարունակենք»,- էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին դիմեց վարչապետը:


























