Երեւանում մարտի 22-ին բացվել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը: 

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, Ռադմիլա Շեքերինսկայի գլխավորած առաքելությունը  բաղկացած է միջազգային 13 փորձագետներից, որոնք աշխատում են Երեւանում, եւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք դիտարկում կանցկացնեն ամբողջ երկրով:
Բացի դրանից, 250 կարճաժամկետ դիտորդներ կմասնակցեն առաքելությանն ընտրությունների օրը եւ ձայների հաշվման գործընթացի ժամանակ:

Հայտարարության մեջ նշվում է, որ դիտորդներն ընտրությունները կգնահատեն ընտրական գործընթացի ժողովրդավարական սկզբունքների համապատասխան, այդ թվում նաեւ այն պարտականությունների, որոնք համաձայնեցված են ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների հետ, ինչպես նաեւ` Հայաստանի օրենսդրության համապատասխան: 

Առաքելության անդամները հանդիպումներ կունենան իշխանության ներկայացուցիչների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հանրության եւ լրատվամիջոցների հետ:

Կարճաժամկետ դիտորդները, որոնք կժամանեն հենց ընտրությունների օրը, կբաժանվեն խմբերի, որոնք կհետեւեն ընտրություններին երկրի ամբողջ տարածքով:

ԺՀՄԻԳ-ի առաքելությունը նաեւ պատրաստ է միավորել ջանքերը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ խորհրդարանական  այլ  պատվիրակությունների հետ:

Նախնական եզրակացությունների եւ եզրահանգումների մասին հայտարարությունը կարվի ընտրությունների հաջորդ օրը:

ԺՀՄԻԳ-ը վերջնական հաշվետվությունը կհրապարակի  ընտրական գործընթացի ավարտից երկու ամիս անց: