Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում է, որ Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանում կարող են ներկայացված լինել 6 կուսակցություններ:

Մարտի 22-ի մամլո ասուլիսին ելույթ ունենալով` քաղաքագետը հայտնել է, որ դրանք կլինեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը,  «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ) եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ըստ քաղաքագետի` բավականին լուրջ է այն բանի հավանականությունը, որ  «Ժառանգությունը» կներկայանա խորհրդարանում: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա նրանք լուրջ ցանկություն չունեն խորհրդարանում հայտնվելու, իսկ ընտրություններին կարելի է մասնակցել տարբեր պատճառներով, կարծում է քաղաքագետը:  

Քաղաքագետը նշել է, որ, ճիշտ է, «ինքն անձամբ չի հաշվել, սակայն ըստ հաշվողների տվյալների», ներկայումս Հայաստանի Ազգային ժողովում կան մոտավորապես 76 օլիգարխներ: «Ելնելով համամասնական ցուցակներից` հաջորդ գումարման խորհրդարանում նրանց թիվը կնվազի», - ավելացրել է Իսկանդարյանը, նշելով, որ ամենախոշոր գործիչներն, այնուամենայնիվ, կանցնեն խորհրդարան: Ըստ քաղաքագետի` խորհրդարանում օլիգարխի ներկայությունը բոլորովին մի բան է, իսկ նրա ներկայացուցչինը`այլ: 

Խոսելով հնարավոր վտանգների մասին`քաղաքագետը մատնանշել է բացահայտ մրցակցությունը եւ պայքարի` ոչ քաղաքակիրթ մակարդակի անցնելու հնարավորությունը: Եզրակացնելով, որ երկրի իշխանությունները դրսեւորում են «մաքուր» ընտրություններ անցկացնելու ցանկություն, քաղաքագետն, այնուամենայնիվ, նշել է, որ ուզելը մի բան է, անելն` այլ: «Դա կարեւոր է ոչ այնքան միջազգային կազմակերպությունների, որքան Հայաստանի հասարակության համար», - ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը որպես եւս մեկ սպառնալիք մատնանշել է վերջին կես տասնամյակի ընթացքում հանրապետությունում ձեւավորված ավանդույթը,  ըստ որի` լուրջ քաղաքական ուժը, որն ընտրություններից հետո ցանկալի արդյունքի չի հասնում, հայտարարում է նրանց կեղծման մասին, հրաժարվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքին եւ ծավալում է ցուցարարական ակտիվություն: