Մոսկվայում տեղի է ունեցել դեռահասի հերթական ինքնասպանությունը. ռուսական մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում մարտի 21-ի երեկոյան 14-ամյա աղջնակը ցած է նետվել բնակելի շենքի 10-րդ հարկից: Զոհվածը մահից առաջ գրություն է թողել, իսկ նրա ընկերները պատմել են ինքնասպանության ամենահավանական դրդապատճառի մասին:
Ըստ Էլինա Պոնամարյովայի ծնողների` նա գտնվել է իր սենյակում: Ինչ-որ պահ ծնողները միջանցիկ քամի են զգացել: Երբ նրանք մտել են աղջկա սենյակ, տեսել են, որ պատուհանը բաց է, իսկ Էլինան չկա: Սեղանին դրված է եղել գրությունը. «Լիզայի կյանքում կա Անտոնը, նա առանց ինձ էլ երջանիկ կլինի: Իսկ մայրիկ եւ հայրիկ, ձեզ համար ես ոչ մի խոսք չունեմ: Վլադա, ես քեզ սիրում եմ»:
Վլադան, որին հրաժեշտ է տվել Էլինան, նրա ավագ քույրն է:
Ինքնասպանությունից առաջ աղջիկը վիճել է ծնողների հետ. Նա խնդրել է մորը թույլ տալ իրեն գիշերել ընկերուհու տանը, սակայն մերժում է ստացել: Վիճելով ծնողների հետ` Էլինան փակվել է իր սենյակում: Այլեւս նրան ողջ չեն տեսել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Այս ողբերգությունը շարունակությունն է դեռահասների ինքնասպանությունների շարքի, որն այս տարվա սկզբից բառացիորեն հեղեղել է Ռուսաստանը:


























