«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը, որ հրապարակվել էր օրեր առաջ, մնացել է անփոփոխ, թեեւ ցուցակի շուրջ որոշակի հակասություններ կային: Այդ մասին, այսօր` մարտի 22-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` հաստատելով, որ ցուցակի շուրջ տարաձայնություններ են եղել:

«Իրականությունն այն է, որ ցուցակը որեւէ փոփոխություն չի կրել»,- նշեց Հակոբյանը, որ վստահեցնելով, որ «Ազատ դեմոկրատների» հետ իրենց միասնական թիմը սկզբունքորեն պայքարելու է բոլոր անարդարությունների դեմ:

Դիտարկմանը, թե լուրեր էին շրջանառվում, որ «Ազատ դեմոկրատները» դժգոհ են ընտրացուցակից, այդ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն արձագանքեց. «Երբ կա հստակ քաղաքական կուրս, իմաստ չունի քննարկելու տեղերի հերթականությունը», իսկ Ռուբեն Հակոբյանն ավելացրեց. «Այնքան անբնական կլիներ, որ տարաձայնություններ չլինեին, բայց կարեւորը, որ երկու ամսում կատարած մեր աշխատանքը հաջողվեց, եւ ստեղծվեց ուժ, որ պայքարելու է քաղաքական  դաշտի արատավոր երեւույթների դեմ»:

«Ժառանգության» փոխնախագահը նաեւ չի կարծում, թե միասնական ցուցակը թուլացրեց «Ժառանգության» դիրքերը:

Նշենք, որ «Ժառանգությունը» ներկայացրել է 101 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ հորիզոնականում Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդում` Զարուհի Փոստանջյանը: