Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տրամաբանական եւ ռացիոնալ է համարում, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասնական ցուցակով են գնում խորհրդարանական ընտրությունների:

Իր այս կարծիքը նա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, որոնց թվում նշեց այն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առայժմ ինքն իրենով զրկված է կուսակցական հեղինակությունից, որը ձեռք է բերվում տարիների ընթացքում, թեեւ այդ կուսակցության անդամները լուրջ քաղաքական պաշար ունեն: Նման քաղաքական հեղինակություն ու պաշար ունեցող կուսակցության` «Ժառանգության» հետ միավորվելը հաջողության հույս է ներշնչում:

Իր հերթին, «Ազատ դեմոկրատները» եւս ունի ընտրազանգված. դրանք արեւմտամետ քաղաքացիներն են եւ նրանք, ովքեր արդեն պատրաստ չեն գնալ ՀԱԿ-ի հետեւից:

Այսպիսով, ըստ Իսկանդարյանի, այս երկու ուժերի միասնական ցուցակով հանդես գալը ռացիոնալ որոշում է 5 տոկոսանոց, բայց ոչ 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար:

Հիշեցնենք, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, իսկ դաշինքներին` 7 տոկոսանոց շեմը:

Հարցին, թե արդյոք «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ամերիկյան նախագիծ չե՞ն, Իսկանդարյանը պատասխանեց, որ «չի գործում նման կատեգորիաներով»: Նա նշեց, որ հայաստանյան քաղաքական ուժերը եւ քաղաքական գործիչները աջակցություն են գտնում աշխարհի տարբեր երկրներում, դրսում կապեր ունի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ այլն, բայց դա նրանց «ամերիկյան նախագիծ» չի դարձնում: